Նեյվեդիաս Դեմուն Վիլբյորն (անգլ.՝ Nayvadius DeMun Wilburn, նոյեմբերի 20, 1983(1983-11-20)[1], Ատլանտա), ավելի հայտնի է որպես Future, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։
2010-2011 թվականներին մի քանի միքսթեյպներ թողարկելուց հետո, Future-ը ստորագրում է պայմանագիր A1 Recordings և Epic Records լեյբլի հետ և սկսում է աշխատել իր դեբյուտային «Pluto» կոչվող ալբոմի վրա, որը թողարկվում է 2012 թվականի ապրիլին։ Ռեփերի երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Honest» անվանումը, թողարկվել է 2014 թվականի ապրիլին և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ 2015 թվականի հուլիսին թողարկվել է նրա երրորդ՝ «DS2» անվանումը կրող ալբոմը, որը գլխավորել է Billboard 200-ը։
Կյանքը և կարիերան
1983-2011: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ
Նեյվեդիաս Դեմուն Վիլբյորնը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 20-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Նրա ծնողները հայիթիացիներ են[2]։ Նա կրթությունը ստացել է Դեկատուր քաղաքի Columbia High School դպրոցում[3]։
Future-ը իր բեմական կեղծանունը ընտրել է այն բանից հետո, երբ Dungeon Family երաժշտական կոլեկտիվի անդամները նրան անվանել են «The Future» («Ապագան»)։ Այդ կոլեկտիվի պրոդյուսեր Ռիկո Ուեյդը, ով Future-ի զարմիկն է, նրան խրախուսում է, որպեսզի ավելի հմտանա երգեր գրելու մեջ և շարունակի իր կարիերան որպես ռեփեր[4]։ 2010 թվականին նա ստորագրում է պայմանագիր ամերիկացի ռեփեր Ռոկոյի A1 Recordings ձայնագրման լեյբլի հետ և դառնում է այդ լեյբլի անդամ[5]։
2010-2011 թվականներին նա թողարկում է մի քանի միքսթեյպ, որոնցից են՝ «1000», «Dirty Sprite» և «True Story»[6][7]։ Այդ ընթացքում նա նաև թողարկում է «Free Bricks» միքսթեյպը ռեփեր Գուչի Մենի հետ համատեղ, ինչպես նաև իր մասնակցությունն է ունենում ռեփեր YC-ի «Racks» սինգլում[8][9]։ 2011 թվականի սեպտեմբերի սկզբին Future-ը ստորագրում է պայմանագիր Epic Records լեյբլի հետ[10], իսկ այնուհետև թողարկում է «Streetz Calling» միքսթեյպը[11]։ 2011 թվականին նա նաև հիմնադրում է իր սեփական ձայնագրման լեյբլը, որը կոչվում է Freebandz[12]։ Հետագայում այդ լեյբլի անդամ են դառնում այնպիսի ռեփերներ, ինչպիսիք են՝ Յանգ Սկուտերը և Casino-ն[13][14]։
2012-13: «Pluto»
Չնայած այն բանին, որ Future-ը հայտարարել էր, որ «Streetz Calling»-ը լինելու է իր վերջին միքսթեյպը, քանի որ պատրաստվում է թողարկել դեբյուտային ստուդիական ալբոմը[11], սակայն 2012 թվականի հունվարին թողարկում է մեկ այլ միքսթեյպ՝ «Astronaut Status» անվանմամբ[15]։ 2012 թվականի սկզբին նա ընդգրկվում է «XXL» ամսագրի կողմից կազմվող ամենամյա «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են այն ռեփերները, ովքեր դեռևս նորեկ են և ոչ այդքան հայտնի, սակայն առաջիկայում կարող են ձեռք բերել համաշխարհային ճանաչում[16]։ 2012 թվականի ապրիլի 13-ին թողարկվում է նրա դեբյուտային «Pluto» ալբոմը, որը առաջին շաբաթում վաճառվում է 41,000 օրինակով Միացյալ Նահանգներում և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[17]։ Ալբոմի «Magic» (T.I.-ի մասնակցությամբ), «Same Damn Time», «Turn On The Lights» և «Neva End» սինգլները հորիզոնականներ են զբաղեցնում Billboard Hot 100 հիթ շքերթում[18]։ 2012 թվականի նոյեմբերին ալբոմը վերաթողարկվում է «Pluto 3D» անվանմամբ[19]։
Future-ի երկրորդ ալբոմը, որը կրում է «Honest» անվանումը, թողարկվում է 2014 թվականի ապրիլի 22-ին[25]։ Թողարկման առաջին շաբաթում ալբոմը ամբողջ Միացյալ Նահանգներում վաճառվում է 53,000 օրինակով, իսկ Billboard 200-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը[26]։ Ալբոմի «Karate Chop» (Լիլ Ուեյնի մասնակցությամբ), «Honest», «Move That Dope» (Ֆարելի, Փուշա Թիի և Casino-ի մասնակցությամբ) և «I Won» (Քանյե Ուեսթի մասնակցությամբ) սինգլները հորիզոնականներ են զբաղեցրել Billboard Hot 100 հիթ շքերթում[18]։ 2014 թվականի հոկտեմբերին թողարկվում է «Monster» միքսթեյպը, որում նաև ընդգրկված է նրա «Fuck Up Some Commas» սինգլը[27]։
2015 թվականի հուլիսի 17-ին թողարկվում է ռեփերի երրորդ՝ «DS2» անվանումը կրող ալբոմը, որը նրա «Dirty Spirte» միքսթեյպի շարունակությունն է[28]։ Թողարկման առաջին շաբաթում ալբոմը վաճառվում է 147.000 օրինակով և զբաղեցնում է 1-ին հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում՝ դառնալով ռեփերի առաջին ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[29]։ 2015 թվականի սեպտեմբերի 20-ին թողարկվեց Future-ի և կանադացի ռեփեր Դրեյքի «What a Time to Be Alive» կոչվող համատեղ միքսթեյպը, որը գլխավորեց Billboard 200-ը[30]։
2016-ներկա։ «Evol»
2016 թվականի փետրվարի 6-ին Future-ը թողարկեց իր «Evol» անվանումը կրող չորրորդ ալբոմը[31]։ Այն գլխավորեց Billboard 200-ը՝ դառնալով Future-ի երրորդ ալբոմը, որը որը գլխավորել է այդ հիթ շքերթն[32]։
Կատարողական արվեստ
Երաժշտական ոճ
Future-ը իր բոլորը երգերում օգտագործում է Auto-Tune ծրագիրը։ Ամերիկացի ռեփեր Թի Փեյնը, ով նույնպես Auto-Tune է օգտագործում իր երգերում, Future-ին քննադատել է, հայտարարելով, որ նա այդ ծրագիրը չի կարողանում ճիշտ ձևով օգտագործել[33]։ Թի Փեյնի այդ հայտարարությունից հետո, Future-ը հարցազրույցներից մեկում ասել է․ «Երբ ես առաջին անգամ օգտագործեցի Auto-Tune, ես երբեք չեմ օգտագործել այն երգելու համար։ Ես դա այն ձևով չէի օգտագործում, ինչպես Թի Փեյնն էր [օգտագործում]։ Ես դա օգտագործել եմ ռեփ կարդալու համար, քանի որ դա իմ ձայնը ավելի պինդ է դարձնում»[34]։
Անձնական կյանք
Future-ը ունի չորս երեխա, որոնք բոլորը տարբեր կանանցից են՝ Ջեսիկա Սմիթից, Բրիթնի Միլիից, Ինդիա Ջեյից և երգչուհի Սիարայից[35]։ Future-ն ու Սիարան նշանվել էին 2013 թվականի հոկտեմբերին, սակայն մյուս տարվա օգոստոսին բաժանվել են[36]։